Դանակահարություններ՝ Սյունիքի մարզում. հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի

Դանակահարություններ՝ Սյունիքի մարզում. հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Սյունիքի մարզում: Գրում է shamshyan.com-ը։

Այսօր՝ դեկտեմբերի 12–ին ժամը 01:00-ի սահմաններում «Քաջարան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը, ոստիկանության Կապանի բաժնի պետ Արա Դավթյանն ու ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պետ Կարեն Հովսեփյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ:Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Արմեն Օ.-ն, և 23-ամյա Ռոման Հ.-ն:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ոստիկանները Կապանի և ոստիկանության Քաջարանի բաժանմունքի ծառայողները, ինչպես նաև ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պարեկները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ դեկտեմբերի 11-ին՝ 23:00-ի սահմաներում, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի Քաջարան քաղաքի գերեզմանատան հարևանությամբ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզի բնակիչ՝ 33-ամյա Նվեր Խ.-ի և հիվանդանոց տեղափոխվածների միջև, որի ժամանակ Նվեր Խ.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է նրանց:

Ոստիկաններին ու պարեկներին հաջողվել է տաք հետքերով հայտնաբերել Նվեր Խ.-ին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում