Դատախազը պահանջում է մեղավոր ճանաչել Մանվել Գրիգորյանին, իսկ կնոջը դատապարտել 7 տարվա ազատազրկման

Դատախազը պահանջում է մեղավոր ճանաչել Մանվել Գրիգորյանին, իսկ կնոջը դատապարտել 7 տարվա ազատազրկման

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանը դատարանից պահանջում է հետմահու արդարացում, թեև դա այդքան էլ իրատեսական չի համարում։ Ավելի քան երեք տարի տևած դատավարությունը մոտենում է ավարտին, դատական վիճաբանությունների փուլն է, գրում է «Փաստինֆո»-ն։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ հետապնդումներն իրականացվեցին 2018թ ՀՀ-ում իրականացված իշխանափոփոխությունից հետո։ 2018թ․ հունիսին ԱԱԾ-ն խուզարկություններ կատարեց Մանվել Գրիգորյանի տանը, ապա հրապարակեց տեսանյութ՝ հայտնաբերված՝ զինծառայողների համար նախատեսված պահածոների, զենքերի և ավտոմեքենաների վերաբերյալ, ինչը հանրության շրջանում բավականին մեծ աղմուկ բարձրացրեց։

Հետագայում, սակայն, Գրիգորյանի և նրա կնոջ նկատմամբ քրեական հետապնդումներն իրականացվեցին բոլորովին այլ գործի շրջանակներում։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում էր ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:

Նրա և իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում էր 2019թ-ից, Մանվել Գրիգորյանը շուրջ երկու տարի գտնվել է կալանքի տակ, թեև պաշտպանները մշտապես բարձրաձայնում էին Գրիգորյանի՝ կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների, արտերկրում բուժում ստանալու անհրաժեշտության մասին, իսկ դատական նիստերն ընթանում էին առանց նրա մասնակցության, քանի որ վերջինս ի վիճակի չէր լինում մասնակցել նիստերին։