Զինվորն ավելի լավ է զոհվի, բայց դրոշը պահի կյանքի գնով. հերոս Դավիթ Խաչատրյան

«Դավիթս պայծառ և ուրախ էր, համով չարաճճի, հումորով ու ազնիվ: Երբեմն իրեն ասում էի՝ հնարավոր է՝ քո ազնվությունից տուժես: Մենք էինք իրեն այդպիսին դաստիարակել, բայց երբեմն նեղվում էինք իր պարզությունից»,-«Փաստ»-ի հետ զրույցում ասել է տիկին Կարինեն՝ Դավթի մայրիկը:

Նշել է՝ որդին սիրում էր սովորել, խելացի էր: Դպրոցի մասին զրուցելիս մայրիկը մի դրվագ է վերհիշել. «Ուսուցչուհին մի օր ասում է՝ ձեր աչքերը փակեք և պատկերացրեք, որ խնձոր եք ուտում:

Բոլորն աչքերը փակում են և իբր իրենց խնձորն են կծում, իսկ Դավիթը զարմացած նայում է ուսուցչուհուն, և նրա հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ չես կծում քո խնձորը, ասում է՝ բայց իմ խնձորը որդնած էր: Շատ հումորով էր»:

Դպրոցն ավարտելու տարիներին Դավթի հետաքրքրությունը նկատելի էր հատկապես ֆիզիկայի հանդեպ: «Ուզում էր ընդունվել Պոլիտեխնիկ, պարապում էր, ֆիզիկայի հանդեպ այդ ընթացքում սերն ավելի մեծացավ, կար նաև բուհ ընդունվելու համար իր հետ պարապող ուսուցչի գործոնը:

Ընդունվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետի տնտեսագիտության բաժին: Հասցրեց ուսանող լինել: Սիրով դասերի էր հաճախում»:

2020 թ. հունվարի 8-ին Դավիթը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Վեց ամիս ծառայել է Գյումրիում՝ հակատանկային գումարտակում, հետո տեղափոխվել է Սանասար (Կուբաթլու): «Շատ սիրով պատրաստվեց ու մեկնեց զինծառայության: Ավանից յոթ ընկեր միանգամից նույն տեղը զորակոչվեցին: Դա էլ նպաստեց, որ ավելի հանգիստ վերաբերվի ծառայությանը:

Ոչ մի անգամ որևէ բանից չի տրտնջացել, իր բնավորությամբ այդպիսին չէր: Դեռ պատերազմից առաջ մի օր զրուցում էինք, հարցրեց՝ մա՛մ, ի՞նչ է կատարվում երկրում, քաղաքում:

Համավարակի շրջանն էր, սկսեցինք զրուցել, պատմեցի բոլորից, նորություններով կիսվեցի իր հետ: «Մա՛մ, ամեն ինչ լավ է, բոլորից տեղյակ եմ, բոլորը լավ են, բայց քանի որ արդեն զինվոր եմ, պետք է մոռանամ քաղաքացիական կյանքը և մտածեմ միայն իմ զինվորական առօրյայի մասին»»:

Հետո սկսեց ոգևորված իր զենքի մասին պատմել, հարցրեց՝ մամա՛, գիտե՞ս, թե իմ զենքի անունն ինչ է: Չգիտեի, ասաց՝ ֆագոտ: Արձագանքեցի՝ ֆագոտն ի՞նչ է: «Մամա՛, գուգլը բացի ու կտեսնես, թե քո տղեն ինչ զենքի է տիրապետում»: Հաշվարկներից շատ լավ էր, և իրեն վստահել էին այդ զենքը»: Մայրիկը հիշում է՝ երբ որդուն ինչ-որ քաղցրավենիք պիտի ուղարկեին, պարտադիր պիտի հուշեր՝ տղաներից մեկն այսինչ բանն է սիրում, մյուսն՝ այնինչը, և այսպես շարունակ:

«Գիտեմ, որ միայն իմ Դավիթն այդպիսին չէր, բոլոր տղաներն էին կիսվում իրենց ունեցածով»: Մայրիկի ու որդու զրույցները մի տեսակ յուրահատուկ են եղել: Երբեմն-երբեմն Դավիթը սկսել է պատերազմի մասին խոսել: «Այդ օրերին վատ հոգեվիճակում էի, զրուցում էինք, ապրիլն էր, պատերազմի մասին անգամ խոսք չկար:

Պատմում էր՝ որ պատերազմ լինի, զինվորն իրեն ինչպես պիտի պահի, որ չպետք է թույլ տա իր զենքը գողանալ, դա թուլության նշան է, դրոշն այնքան կարևոր է, չպետք է թույլ տաս, որ այն տանեն՝ «պատերազմի ժամանակ զինվորն ավելի լավ է զոհվի, բայց դրոշը պահի կյանքի գնով»: Սեպտեմբերի 22-ին մայրիկը, հայրիկն ու քույրիկը ուղևորվում են Սանասար Դավթին տեսնելու:

«Զրույցի ժամանակ ինձ ցույց է տալիս իր գլխարկն ու ասում, որ այնտեղ թվեր կան գրված, հարցնում եմ՝ ի՞նչ թվեր, Դավի՛թ, «որ պատերազմ լինի, այդ թվերով ինձ պիտի գտնեք»: Հետո գոտին պտտեցրեց. «Տե՛ս, մա՛մ, նույն թվերն էլ այստեղ են գրված: Որ պատերազմի ժամանակ գլխարկիս հետ մի բան լինի, գոտիի թվերով կգտնեն»:

Վերադարձանք Երևան: Սեպտեմբերի 25-ին զանգահարեց, իրեն ժամանակ առ ժամանակ գումար էինք փոխանցում, որ անհրաժեշտության դեպքում օգտագործի:

Երբ այդ օրը հարցրեցի՝ պապան գումար փոխանցի՞, մերժեց՝ մա՛մ, մեր էլ ինչին է պետք փողը, պետք չի: Այդքանով թեման փակվեց: Այդ ժամանակ Դավիթն արդեն Ջրականի ճանապարհին էր, չնայած ինձ ոչինչ չասաց այդ մասին: Հետո սկսվեց պատերազմը: Ամեն օր խոսել ենք, միշտ ասում էր, որ ամեն ինչ լավ է, մեզ մոտ հանգիստ է: Նույն խոսքերը, ինչ ասում էին բոլոր տղաները:

Դավիթին գտնելուց հետո ամուսինս հանդիպեց իր հրամանատարին, նա շատ բաներ էր պատմել, ասել է՝ քաջ ու հերոս տղա է եղել Դավիթը: Քաջալերել է տղաներին, նրանցից մեկը պատմում է, որ պատերազմի թեժ պահերին հումոր էր անում: Ցուրտ է եղել, չոր խոտերը բերել ու լցրել է իր ու ընկերոջ վրա, որ տաքանան: Ընկերն է նշում՝ նույնիսկ այդ պահին հումոր էր անում, ասում՝ ծղոտների մեջ պառկած ենք»:

Որդու հետ վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 2-ին. «Ինձ մեղավոր եմ զգում, որ թույլ չէի տալիս երկար խոսել, վախենում էի, որ նա կարող է ԱԹՍ-ների համար թիրախ դառնալ: Հարցնում էր՝ մա՛մ ջան, ի՞նչ են ասում մեր մասին, ասում էր՝ մա՛մ ջան, հանկարծ չնեղվես, դուխդ չգցես»:

Դավիթը զոհվել է հոկտեմբերի 4-ին ԱԹՍ-ի հարվածից: «Հոկտեմբերի 2-ից հետո իրենից որևէ զանգ չենք ստացել: Չէինք էլ կարող պատկերացնել, թե նրա հետ ինչ է պատահել, նույն կերպ՝ նաև իր զինակից ընկերները, ասում էին՝ Դավիթը չի կարող զոհված լինել:

Չորս ամիս փնտրում էինք նրան: 2021 թ. հունվարի 28-ին իր հրաժեշտի օրն էր: Ի դեպ, մի տեսանյութ կա՝ հունվարի 28-ին Գյումրիի մշակույթի կենտրոնում տղաները պարում են, նրանց մեջ նաև Դավիթն է: Ո՞ւմ մտքով կանցներ, որ մեկ տարի անց այդ օրն իր համար լրիվ այլ նշանակություն է ունենալու»: Որդու ֆիզիկական բացակայության օրերին տիկին Կարինեն ուժ է գտել կյանքը շարունակելու:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում