«Ինձ հետ ամեն ինչ կարգին է, բայց շրջափակման մեջ ենք»․ պատերազմում իրար կորցրած զույգը Երևանում ամուսնացավ

«Ինձ հետ ամեն ինչ կարգին է, բայց շրջափակման մեջ ենք»․ պատերազմում իրար կորցրած զույգը Երևանում ամուսնացավ

Արցախյան բոլոր պատերազմներն էլ դաժան են եղել, սակայն՝ եթե մինչև վերջին պատերազմը մարդկանց մեջ հույսի մի փոքր շող էր մնացել՝ գալիք օրերի հանդեպ, ապա այս պատերազմը «սրբագրեց» բոլոր հույսերը։

Գրում է Oragir.News-ը։ Սա պատերազմ էր, որը տևեց ընդամենը 24 ժամ, բայց կորցրեցին մարդիկ ամեն- ամեն ինչ՝ հույս, հավատ, հարազատներ, հայրենիք․․․ Չեղարկվեցին պսակադրություններ, դեռևս չմիավորված զուգերը կորցրեցին իրար, բարեբախտաբար, եղան եզակի երջանիկներ, ովքեր կրկին իրար գտան այն ժամանակ, երբ մարել էին իրար կրկին տեսնելու բոլոր հույսերը։

Էմմա և Վովա արցախցի զույգն այդ երջանիկներից էին, որոնց հարսանիքի օրը դեռևս ամիսներ առաջ էր որոշված՝ սեպտեմբերի 23-ին, որը չկայացավ, փոխարենը, Աստծո խնամությամբ, դարձան Արցախի ՔԿԱԳ-ում գրանցված վերջին զույգը։

Oragir.News-ը զրուցել է Վլադիմիրի մայրիկի՝ տիկին Զարայի հետ, ով այսօր փառք է տալիս Աստծուն՝ իր երեխաների երջանկությունը տեսնելու համար։

«Ինչպես ցանկացած մայր, ես ևս շատ երկար եմ նախապատրաստվել որդուս հարսանիքին, մտքով պլաններ գծել, բայց ինչպես ասում են՝ «Մենք ենթադրում ենք, Աստված տնօրինում է»։ Ուրեմն այսպես պիտի լիներ, Աստծո կամքն էր։ Քանի որ շրջափակման օրերին Արցախում նույնիսկ ցամաք հացի խնդիր կար, որոշեցինք, որ կլինի եկեղեցական պսակադրություն, այնուհետև նեղ ընտանեկան միջավայրում կնշենք իրենց միությունը։

Հարսնացուս Կարմիր շուկայից է, ով մինչ պատերազմը սկսելը, մեր տանն էր՝ Ստեփանակերտում։ Հազիվ էինք գյուղ գնացող ավտոմեքենա ճարել․ պատերազմից մի քանի օր առաջ նա գնաց իրենց տուն։ Բայց մինչև ճանապարհվելն ասաց, որ վատ երազ է տեսել, իբր պատերազմ է սկսել, թուրքերը ուզում են մտնել իրենց տուն, բայց ինքը դուռը փակում է ու չի թողնում ներս մտնել։ Ասացի, որ վախենալու կարիք չկա, դա ընդամենը երազ է, ու այսպես ճանապարհեցինք նրան»,- ասում է մեր զրուցակիցը։

«Երբ պատերազմը սկսվեց, որդիս անհանգստությունից տեղը չէր գտնում, քանի որ Կարմիր շուկան գտնվում էր ադրբեջանցիների թիրախում՝ նույնիսկ պատերազմական գործողություններից առաջ։ Ու քանի որ այդ օրերին ունեինք նաև կապի խնդիր, ուստի միայն առաջին օրը որդուս հաջողվեց մի քանի րոպեով կապվել Էմմայի հետ, որից հետո՝ շուրջ 5 օր հնարավոր չէր որևէ լուր իմանալ հարսիկիս ու իր ընտանիքի մասին։ Իսկ այդ օրերին սահմանից եկող լուրերը, որ ադրբեջանցիները մտել են Կարմիր շուկա, գերեվարել, սպանել կանանց, ծերերին ու մանուկներին, պարզապես մեզ սպանում էր»,- ասում է տիկին Զարան՝ կրկին վերհիշելով որդու ծանր ապրումները։

«Սեպտեմբերի 23-ին, երբ կորցրել էինք բոլոր հույսերը, Վովաս Էմմայից ստացավ այդքան սպասված զանգը՝ «Ինձ հետ ամեն ինչ կարգին է, բայց դեռ շրջափակման մեջ ենք․․․»։

Պայմանավորվեցինք, որ միասին պիտի դուրս գանք Ստեփանակերտից, բայց այդ քաոսի մեջ նույնիսկ երեխաներիս դա չհաջողվեց՝ գոնե ճանապարհին իրար տեսնել»,- ասում է Զարան։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում