Ինչո՞ւ ենք մենք գիշերը հաճախակի գնում զուգարան

Չկա ավելի նյարդայնացնող երեւույթ, քան կեսգիշերվա արթնացումը զուգարան գնալու համար:

Երբեմն դա կարող է նշանակել, որ դուք ուղղակի շատ հեղուկ եք օգտագործել քնելուց առաջ, իսկ երբեմն էլ դա շատ տագնապալի նշան կարող է լինել, ասում է Fox News հեռուստաալիքի Health News-ի գնխավոր խմբագիր Մեննի Ալվարեսը:

Պատասխանելով 57-ամյա տղամարդու հարցին, ով պնդում է, որ ինքը միանգամայն առողջ է, բայց ամեն գիշեր արթնանում է  զուգարան գնալու համար, Ալվարեսը նշել է, որ հաշվի առնելով տարիքը, տղամարդը պետք է հետազոտվի՝ պարզելու համար, չունի նա արդյոք շագանակագեղձի բարորակ գերաճ (ՇԲԳ): 50 – 60 տարեկան տղամարդկանց կեսը սովորաբար ունենում են այդ խնդիրը:

Տարիքի հետ շագանակագեղձը կարող է մեծանալ եւ ճնշել միզուկը՝ հրահրելով միզարձակման ուժեղ կանչեր: ՇԲԳ-ն կարելի է վերահսկել կենսակերպի փոփոխությամբ, բայց որոշ տղամարդկանց նաեւ դեղեր են նշանակում:

Հավանականություն կա, որ դա թաքնված հիվանդության նշան է, օրինակ՝ սրտի հիվանդության, շաքարախտի, գերճնշման, անոթների հիվանդության, շագանակգեղձի բորբոքման կամ քնի խանգարման:

«Դուք պետք է անպայման բժշկի դիմեք՝ բացառելու համար բոլոր լուրջ հիվանդությունները եւ ձեզ համապատասխան բուժումը գտնելու համար»,- ասել է Ալվարեսը: