Լավ եմ, մեր ջան․ 3 տարի Բաքվի բանտում գտնվող զինվորը զանգել է մորը

Լավ եմ, մեր ջան․ 3 տարի Բաքվի բանտում գտնվող զինվորը զանգել է մորը

Oragir.News-ը գրում է․ 44-օրյա պատերազմից 3 տարի է անցել, սակայն Բաքվի բանտերում հայ գերիներ կան, որոնց մի մասը հաստատված է, մյուս մասը՝ ոչ։

Նիկոլ Փաշինյանը, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ խոստանում էր գերիներին վերադարձնել, ասելով՝ 1-2 ամիս ավելի Բաքվում մնալու համար մեզ կներեն, կարծես՝ մոռացել է նրանց։

2020 թվականի դեկտեմբերին 15- ին Շիրակի մարզից 62 պահեստազորային էր գերեվարվել, նրանց մի մասին Բաքուն վերադարձրել է, իսկ մյուս գերեվարված շիրակցիների ճակատագիրը դեռևս անհայտ է․

«Գերեվարված պահեստազորայիններից մեկի մայրը, ում անունն իր իսկ խնդրանքով չենք նշում, Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, որ ամիսը մի անգամ խոսում է որդու հետ, բայց սիրտը էլ չի դիմանում, ուզում է, որ որդին օր առաջ տուն գա․

«Իշխանությունները 3 տարի փափուկ բարձ դրեցին գլխներիս տակ, էլ դուռ չմնաց, որ չծեծենք, էլ տեղ չմնաց, որ չդիմենք։ Ամսվա մեջ մի անգամ տեսակապով խոսում ենք տղայիս հետ, շատ է փոխվել, տղայիցս ոսկորներն են մնացել։ Էս 3 տարվա մեջ տղաս 20 տարով մեծացել է։ Փաշինյան կոչեցյալն ասում էր՝ որդուն պատրաստ է գերի հանձնել, որ մեր տղաներին վերադարձնի, իսկ հիմա նույնիսկ չի ուզում մեզ լսել։ Բա ո՞ւր մնաց 1-2 ամիսը, կամ էն մարզպետ կոչեցյալի խոստումները։

3 տարի ճամփա ենք փակում, ոստիկանների հետ ենք լավ ու վատ լինում, արդեն հոգնել ենք, էլ ո՛չ դիմանալու ուժ է մնացել, ո՛չ առողջություն»։ Գերեվարված պահեստազորայինի մայրը պատմեց, որ նախորդ տարի հանդիպել են Պաշտպանության նախարարի հետ, վերջինս վստահեցրել է, որ ամեն ինչ անում են, որպեսզի տղաներին մոտ ժամանակները վերադարձնեն․

«Դա էլ հերթական խաբեությունն ու փափուկ բարձն էր։ Կարմիր խաչի միջոցով կապի ենք դուրս գալիս, տղաս ասում է՝լավ եմ, մեր ջան, բայց ինչ լավ։ Լավը վերջացավ։

Փաշինյանը Աստծո պատժից չի խուսափելու, մեզ սգավոր է դարձրել, կյանքներս մղձավանջ է, ո՛չ կենդանի ենք, ո՛չ մեռած, ձեռքս վրա չի գնում գործ անեմ, էդպես կոտրեցին մեր սիրտը։

Գերիների մասին իշխանությունը մոռացել է, էն ժամանակ աթոռները կորցնելու վախ կար, Փաշինյանը լոմփո-լոմփո խոսում էր։

Դե թող մի բան անի, մեր երեխեքին հետ բերի»։