«Ձեռքերիս մեջ մահացավ հայրս»․ 10-ամյա Կառլենը հեծանիվով հասել է մինչև դեդո-բաբոյի արձանի տարածք օգնություն կանչելու

«Ձեռքերիս մեջ մահացավ հայրս»․ 10-ամյա Կառլենը հեծանիվով հասել է մինչև դեդո-բաբոյի արձանի տարածք օգնություն կանչելու

Hraparak.am-ը գրում է․ Արցախից բռնի տեղահանված Իրինա Աղաբեկյանն իր տասնամյա որդու՝ Կառլենի եւ 82-ամյա հոր հետ բնակվում էր Արցախի Մարտակերտ քաղաքում։ Սեպտեմբերի 19-ի վաղ առավոտյան որդու ինքնազգացողությունը վատանում է, որոշում է նրան տանը պահել։ Իրինան պատմում է՝ կարծես սիրտը վատ բան կանխազգար, որոշեցի դպրոց չուղարկել։

«Տանը նստած էինք, երբ լսեցինք պայթյունի ձայներ։ Մեր Մարտակերտի անմիջապես գլխին «Խաչեր» կոչվող տեղ կա` սրբավայրեր ունենք, այնտեղ մերոնց դիրքերն էին, ու լսում էինք պայթյունի ձայները։

Հետո երեխաները սկսեցին վախենալ, ու երբ հարեւանիս աղջիկը եկավ մեր տուն, որ իմանա՝ ինչու տղաս չի գնացել դպրոց, պայթյուններն ուժեղացան, ավելի մոտիկացան, երեխաները վախից սկսեցին դողալ՝ իջանք նկուղ, այնտեղ ավելի ապահով էր»,- ասաց Իրինան։

Երբ պայթյունների ձայները դադարել են, որդուն ուղարկել է փուռ՝ հացի հերթ կանգնելու, որդին ուշացել է` ինքն է գնացել քաղաք՝ լուր ստանալու եւ որդուն գտնելու։ Հենց քաղաքում էլ հանդիպել է դիրքերից նոր իջած զինվորականի, ով տեղյակ է պահել, որ մյուս օրն առավոտյան ժամը 10-ին ամբողջ քաղաքը տարհանում են։ Հենց այդ զինվորականի օգնությամբ էլ հասել են Ստեփանակերտ։

«Երբ գնում էինք Ստեփանակերտ, չէինք պատկերացնում մեքենաների այդ շարասյունը՝ դա բառերով նկարագրելու չի, դա պիտի ձեր աչքերով տեսնեիք։ Մարտակերտում երկու տուն եմ թողել՝ երկհարկանի, մորս, եղբորս գերեզմանները»,- պատմում է Իրինան։ Սկզբում իրենց տարել են Իվանյանի օդանավակայանի տարածք, որտեղ ռուս խաղաղապահներն էին տեղավորված, ու այդտեղ Իրինայի հոր ինքնազգացողությունը վատացել է։ Հետո հասել են Ստեփանակերտ, որտեղ սարսափելի վիճակ էր տիրում՝ հիշում է Իրինան։

«Մենք «Մարիոթ» հյուրանոց գնացինք, որտեղ տեղ չկար, անկողին չկար, ամենուր փախստականներ էին, երկու օր աթոռների վրա ենք քնել, եթե կարող ենք ասել, որ քնել ենք։ Հետո հայրիկիս վիճակը վատացավ։ Տղաս՝ Կառլենը, դեդոյի հետ շատ էր կապված, երբ տեսավ, որ վատ է, որոշեց հեծանիվով Կարմիր խաչի մեքենան գտնել, խնդրել, որ գան՝ դեդոյին օգնեն, որովհետեւ բժիշկ էլ արդեն չկար»,- պատմում է Իրինան։

Տասնամյա Կառլենը հեծանիվով հասել է մինչեւ դեդո-բաբոյի արձանի տարածք, որտեղ տեսել է Ադրբեջանի դրոշներով թշնամիների մեքենաները։ «Թորքի դրոշներով ավտոներ էին կանգնած դեդո-բաբոյի արձանի մոտ, հեծանիվը շրջեցի ու սկսեցի հետ քշել, հետեւիցս պայթյուն լսեցի ու զգացի, որ ոտս վառում է»,- պատմեց Կառլենը։ Հիմա Կառլենի ոտքը գիպսի մեջ է, տեղաշարժվում է քայլակների օգնությամբ։ Մայրը պատմեց, որ ամսի 16-ին հանելու են գիպսը, տեսնեն, թե ինչ վիճակում է ոտքը։

Իսկ հորը կորցրել են Ստեփանակերտում։ «Ձեռքերիս մեջ մահացավ հայրս։ ԱԻՆ-ի աշխատողները տարան մորգ, ասեցին` կուղարկենք Երեւան։ Հայաստանում էլ թաղեցինք հորս»,- պատմում է Իրինան։ Կառլենը շատ է կարոտում Մարտակերտը, երեկոները հաճախ է լաց լինում, ուզում է հետ գնալ տուն, ուզում է իմանալ, թե իր փոքրիկ շունն ու կատուն ինչ եղան։

«Նստում է երեխաս ու սկսում լացել, ասում է` մամա, Կարմիր խաչի տված կովը, փոքր շունիկս ու կատուս տեսնես ի՞նչ եղան, թորքն ի՞նչ արեց տենաս, արի հետ գնանք, մամա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում