Նախատեսում եմ ևս 7 տարի մնալ․ Արմուշը Միացյալ Նահանգներում առանձնատուն գնելու մասին

Նախատեսում եմ ևս 7 տարի մնալ․ Արմուշը Միացյալ Նահանգներում առանձնատուն գնելու մասին

Bravo.am-ը գրում է․ Լոս Անջելեսում բնակություն հաստատած դերասան, շոումեն Արման Խաչատրյանի հետ զրուցել ենք հենց իր տանը։ Փոքրիկ Անահիտը ժամանակ առ ժամանակ հաճելիորեն խանգարում էր մեր զրույցը, հետեւաբար, առաջինն անդրադառնում ենք հենց երեխաներին:

– Առաջնեկս երբ ծնվեց, բավական երիտասարդ էի, հիմա այլ պապա եմ։ 40-ից հետո հայր դառնալը լրիվ այլ զգացողություն է։ Երեք երեխայիս միջեւ տարբերությունը 7 տարի է. Դանիելը 7 տարի մեծ է Էդուարդից, Էդուարդն՝ Անահիտից, ես էլ Լուսինեից՝ կնոջիցս, մեծ եմ 7 տարի: Նրան ասում եմ՝ հաշվիր, 7 տարի հետո 4-րդ ենք ունենալու։ Իսկ աղջիկն ուրիշ քնքշություն է բերում ընտանիք։

Անգամ իմ զրույցներն ու ձայնիս հնչերանգն է փոխվել։ Որպես ծնող՝ ավելի զգայուն եմ դարձել։ Անգամ սիրելու ձեւս է փոխվել։ Սկսել եմ երգելով սիրել։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ երկուսիս կողմում էլ աղջիկ երեխա չկար. բոլորը տղաներ են։ Անահիտ անունը պատահական չենք ընտրել. պտղաբերության, ռազմի աստվածուհին է, ում շատ սիրել եմ։

– Արմուշ, այս հարցը սկզբի՞ց տամ, թե՞ զրույցի ավարտին:

– Դե, արդեն գիտեմ՝ ինչ ես հարցնելու՝ չե՞մ վերադառնալու հայրենիք։

– Ընտանիքիդ մոտ կանգնած մեր աղբյուրներն ասում են, որ կինդ ու մեծ տղադ ծանր են տարել Հայաստանից հեռու ապրելը։

– Շատ ծանր… Դանին ու Լուսինեն առաջին երեք տարին կյանքս կերել են: Հատկապես սկզբում անդադար լացում էին ու ուզում էին Հայաստան վերադառնալ։ Բայց երբ տղաս յուրացրեց լեզուն, սկսեց շփվել հասակակիցների հետ, դպրոցում ընկերներ ձեռք բերեց, իրավիճակը փոքր-ինչ փոխվեց:

– Լոս Անջելսում արդեն առանձնատուն ես գնել, ուրեմն՝ վերադարձ չկա՞:

– Նման բան չկա: Ուղղակի անշարժ գույք է ու կապիտալ։ Նախատեսում եմ եւս 7 տարի մնալ՝ աջակցելով, որ Դանին լավ կրթություն ստանա. նա լավ յուրացնում է ճշգրիտ գիտությունները, իսկ Էդուարդն ավելի սպորտային է։

– Դանին Երեւանում նկարահանվում էր ֆիլմերում, տեսահոլովակներում, ու շատերին թվում էր, թե հենց քո ուղին է ընտրելու։

– Ճիշտ եք, մի պահ իրեն ինձնից շատ էին ճանաչում, ասում էին՝ վա՜յ, Դանիի պապան, բայց հիմա նրան արվեստի աշխարհը չի ձգում։ Հիմա փոքր տղաս՝ Էդուարդն է ասում, որ դերասան է դառնալու:

– Արմուշ, երբ եթերում տեւական ժամանակ չես երեւում, մոռանում են քեզ։ Դա քեզ չի՞ անհանգստացնում:

– Այստեղ հանդիսավարությամբ եմ զբաղվում ու մտածում եմ նաեւ բիզնես նախագծեր իրականացնել։ Իսկ մոռացվելու ուղղությամբ երբեք չեմ կենտրոնացել։

– «32 ատամն» ու «Վիտամինը» չկան, բայց դուք մնացիք այդ ակումբների տղաներ։ Լուրեր տարածվեցին, որ տարաձայնություններ ունեք, ընդհարվել եք, հիմա, կարծես, համերաշխ եք, թե՞ կան մարդիկ, որոնց հետ չեք շփվում, անգամ՝ չեք բարեւում։

– Չէ, բարեւելը բարեւում ենք, բայց կան անձինք, որոնց հետ չենք շփվում: Այդ մասին շատ ենք խոսել, հիմա չեմ ուզում անդրադառնալ: Իսկ այդ ակումբները փլուզվեցին ոչ թե մեր՝ մասնակիցների պատճառով, այլ հեռուստաընկերությունների բախման։ Ամենամեծ պատճառն, իհարկե, փողն էր, բայց դա արդեն անցյալում է։ Իսկ «32 ատամ»-ի հերը Վահագն Գրիգորյանն է, բայց այն նաեւ թիմային աշխատանք էր ու կայացավ բոլորիս միասնության շնորհիվ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում