Նարեկը նշանադրված էր, պատրաստվում էր ամուսնանալ, ավաղ չհասցրեց

Նարեկը նշանադրված էր, պատրաստվում էր ամուսնանալ, ավաղ չհասցրեց

2  ամիս առաջ այս օրը՝ սեպտեմբերի 25-ին, դեռևս չպարզված հանգամանքներում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունը և խոշոր հրդեհը խլեց հարյուրավոր կյանքեր, մեծ մասը՝ Ստեփանակերտից։ Նրանցից մեկը Նարեկ Հովսեփյանն էր։

Մայրը՝ Լուսինեն, MediaHub-ին պատմում է, որ  3 տղա ունի, բոլորին միայնակ է մեծացրել, քանի որ 2005 թվականին հատուկ մարտական առաջադրանք կատարելիս զոհվել է ամուսինը՝ Սարիբեկ Հովսեփյանը։ 

«Մայրը չի կարող երեխաների մեջ տարբերություն դնել, 3-ն էլ իմն են, բայց Նարեկիս սիրտն ուրիշ էր։ Այնպես հոգատար, այնքան ծնողամեծար զավակ էր Նարեկը, որ միշտ տղաներիս` Նվերին ու Նորայրին ասում էի օրինակ վերցրեք Նարեկից»,- ասում է տիկին Լուսինեն։ 

Եղբոր մասին անցյալով չի կարողանում խոսել փոքր եղբայրը՝ Նորայրը։ «Նա մի՛շտ ներկա է»,- ասում է։

«Երբ սկսվեց պատերազմը, Նարեկը ծառայության մեջ էր։ Առաջին հրթիռն ընկել է իրենց մոտ, ինքը հրաշքով է փրկվել։ Մեկ օրվա ընթացքում չեք պատկերացնում մեր ու հատկապես մորս ապրումները։ 

Ինքը դիտարկման վերահսկման խմբի մշտադիտարկման կետում էր, որը հաճախ էր հայտնվում ադրբեջանցիների թիրախում։ Երբ ամեն ինչ լավ ավարտ ունեցավ, Նարեկը եկավ, մտածում էինք միայն դժոխքի ճանապարհով անվտանգ անցնելու մասին։

Դժվար էր տունը լքելը։ Մայրս մեզ միայնակ է պահել, մենք փոքր ենք եղել, և տունն ինքն է պահել։ Մեզ հասցրել է մի տարիքի, երբ արդեն մամային մենք էինք պահում։

Վատ չէինք ապրում։ Նարեկի մահով ու մեզ պարտադրված գաղթով ամեն ինչ փոխվեց։ Ոչինչ էլ առաջվանը չի լինելու»։ 

Նարեկն ընտանիքին տարհանելու համար անհրաժեշտ վառելիք չուներ։ Մի քանի օր տարբեր լցակայաններում հերթ կանգնելուց հետո ընկերների առաջարկով սեպտեմբերի 25-ի երեկոյան ինքն էլ Հայկազովի տարածք էր գնացել։

Մայրն ու եղբայրները տեղեկություն չունեին պայթյունի մասին, բայց տեսնելով, որ Նարեկն ուշանում է, սկսել են որոնել։ Հետո, երբ իմացան կատարվածի մասին, մինչև վերջ հույս են պահել, որ կհայտնվի։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում