Պայթյուն՝ Նոր Գեղի գյուղում գտնվող գազալցակայանում

Պայթյուն՝ Նոր Գեղի գյուղում գտնվող գազալցակայանում

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և օրվա պատասխանատու, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտաշես Ղազարյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը։

Ըստ նախնական տեղեկությունների պայթյունի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն  գազալցակայանին պատճառվել է նյութական վնաս։ Թե ի՞նչն է եղել պայթյունի պատճառը՝ պարզվում է։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։