Պարույր Սևակի արգելված կտակը. գիրք, որը նոր հնչողություն ստացավ

Պարույր Սևակի արգելված կտակը. գիրք, որը նոր հնչողություն ստացավ

Մեծ բանաստեղծի ողբերգական մահը ընթերցողներից շատերը մինչ օրս համարում են սպանություն և կապում նրա վերջին գրքի՝ «Եղիցի լույսի» հետ:

Գիրք, որը պետք է դառնար Պ. Սևակի պոեզիայի նոր էջը, սակայն դարձավ կտակը:

Գիրքը հրատարակվում է՝ 1969 թվականին, սակայն արգելվում է ու ընթերցողին հասնում միայն 1971 թվականին՝ հեղինակի մահվանից հետո:

Իհարկե, չի հասնում այն վիճակով ինչպես հեղինակն էր ծրագրել, այլ մկրատված, այսինքն՝ գրաքննական կրճատումներով: «Եղիցի լույսը» նույնիսկ գրաքննված տարբերակով դառնում է այդ և հետագա տասնամյակների ընթերցողների մտքերի ու հույզերի արտահայտիչը:

«Եղիցի լույսի» ամբողջական տարբերակը լույս է տեսնում միայն 1992 թվականին: 1990-ականներին գիրքը նոր հնչողություն ստացավ, դարձավ մտածող, իրականության հետ չհաշտվող մարդկանց կյանքի խորհորդատուն, լույսի ճառագայթ խավար իրականության մեջ: Իսկ հեղինակը՝ մարգարե կամ «Աստծո քարտուղար», որը նոր ու ավելի լավ աշխարհ էր ստեղծում.

Առավոտ լուսո՜,

Առավոտ մի ջի՜նջ,

Ջի՜նջ, ինչպես… ոչի՛նչ,

Ջի՛նջ, սակայն դեռ պա՜ղ:

Ու ես անհապաղ

Անջատում եմ ինձ

Աշխարհից ծանոթ

Ու պարպում եմ ինձ,

Դարձնում մի անոթ,

Որ լոկ դատարկ չէ,

Այլ նաև անօդ:

Եվ… նո՜ր աշխարհ եմ ստեղծում հիմա՝

Առայժմ եթե ոչ ձեզ բոլորիդ,

Ապա գոնե ի՛նձ, միայն ի՜նձ համար…

Սկսելով յուրօրինակ աղոթքից բանաստեղծության լուսավոր հերոսը մերժում է իր ժամանակի աստվածներին՝ երեսպաշտություն, քծնանք, կեղծիք, ապա գրքի «Եղիցի լույս», «Դիմակներ», «Դարակեսի պարգևները», «Նորից չեն սիրում, սիրում են կրկին» «Ողջույնի քմայքները» «Աստծու քարտուղարը» շարքերում, յուրօրինակ ծիսառասպելական ճանապարհորդություն կատարում՝ կռիվ տալով խավարի դեմ։ Նա բացահայտում է գոյության հիմքերը՝ լույսը և սերը: Նշում իր ժամանակի ախտերը, տալիս դրանց բուժման ճանապարհը՝ սիրո միջոցով: Գիրքն ամփոփվում է «Աստծո քարտուղարը» շարքով, որտեղ Պ.Սևակը սահմանում է բանաստեղծի առաքելությունը․

Այն օրն են միայն բանաստեղծ դառնում,

Երբ հասկանում են,

Հանկարծ ըմբռնում,

Որ իրենց գործը այն շիշն է միայն,

Որ ծով է նետում նավորդը մեռնող՝

Փրկություն հայցող տողով մի քանի:

Եվ ժամանակի ծովը քմահաճ

Շիշն այդ երբևէ ծովափ կհանի՞…

Սևակն իր ժամանակի և նույնիսկ այսօրվա համար մեծ խիզախությամբ խոսում է կեղծ ու խեղդող մթնոլորտի, ազատ խոսքն ու միտքը կաշկանդող միջավայրի ու դիմակների մասին: Կոչ անում հանել դիմակները: Համատարած խավարի մեջ ցույց տալիս լույսի ճանապարհը.

Կեղծի՛ք ու տե՜ր,

Ճի՛շտ ու ծառա՜,-

Դուք չե՞ք հոգնել այս խոսքերից գոռ ու գոռան,

Որ չեն մեխվում` ազգանվան պես` ամեն դռան,

Բայց դարձել են ճակատագիր

Ա՛յն համազանգ-համաճակատ մոլորակին,

Որ զզվել է այս խոսքերի արձագանքից`

Սրտախառնուք զգալո՜ւ չափ,

Եվ դրանից է պտտվում`

Այդ զզվանքի՛ց:

Պտտվում է ու պտտվո՜ւմ:

Դե եկ ու մի՛ խղճա նրան…

Այսօր, երբ անկեղծ լինելը դարձել է ձև ու կեցվածք, երբ նույնիսկ ինչ-որ լավ բանի համար պայքարը կամ անարդարության դեմ բողոքը հերթական ներկայացումն է լայվ մտնելու համար: Երբ մարդն ավելին քան երբեք ապրում է ցուցադրվելու՝ սելֆի անելու, օրվա սթորին ապահովելու ու լայքերի համար: Երբ նորաձև է պրագմատիկ ու ցինիկ լինելը, սևակյան այս բանաստեղծությունները թեև ռոմանտիկ են թվում, սակայն ցավոք չափազանց ճշմարիտ ու արդիական են:

Աշխարհին, այո՛, մաքրությո՜ւն է պետք`

Ա՛յն հերոսների տխրունակ տեսքով,

Որոնք մեռնում են… անգործությունից…

Նաև ա՛յն կանանց, որոնք մինչև մահ

Ճանաչում են լոկ մե՛կ տղամարդու…

Եվ կերպարանքով ա՛յն տղամարդկանց,

Որոնք քայլում են գլխահակ թեպետ

Ու միայն իրենց ոտքի տակ նայում,

Բայց իրենց միտքը, անկախ իրենցից,

Իրենց լքելով`

Թռչում է վերև,

Իսկ երբ հոգնում է` գալիս, ճայի պես,

Թառում է մարդու ախտի և բախտի

Համաշխարհային օվկիանի վրա…

Ի՞նչ է փոխվել կես դար անց. դիմակներ կրկին կան, զարգացել են տեխնոլոգիաները մենք արդեն թաքնվում ենք ոչ միայն դիմակների այլև սոց. ցանցերի, սարքված սելֆիների ֆոտոշոփով արված դեմքերի ու հորինված կյանքերի ետևում: Մեզ երևակայում այնպիսին ինչպիսին չկանք, ապրում ուրիշների կյանքով:

Այն ինչ Սևակն ասում է 20-րդ դարի մարդուն, մարգարեական է հնչում նաև 21-րդ դարում: Անտարբերություն, անորոշություն, ձանձրույթ, երեսպաշտություն: Անկենդան մի կյանք համակարգիչների առջև: Ինչպե՞ս կենդանացնել մարդուն, նրան ազնիվ ու բնական դարձնել: Այս է, որ մտահոգում է բանաստեղծին ու նրա քնարական հերոսին.

Եվ ոտներըս, իբրև յուրատեսակ «մեղա»,

Ինձ կտրում են փափուկ մահճակալից,

Տանում-նստեցնում են ա՛յն աթոռին չորուկ,

Որի առաջ կա մի… տանջված գրասեղան:

Տանում-նստեցնում են այդ աթոռին չորուկ,

Որպեսզի… ե՜ս հիմա ձիեր տեղափոխեմ.

Ձիեր տեղափոխեմ ի՛մ միջոցով — ձե՛ր մեջ,

Որ խրխնջան նաև ձե՛ր մեջ ձիեր,

Որ վրնջան նաև ձե՛ր մեջ ձիեր,

Դոփո՜ղ,

Բերաններից կրա՜կ թափող

Ձիե՛ր…

Այս ժողովածուում է, որ ամբողջանում է Սևակ բանաստեղծը՝ մտածող, փնտրող, ընդվզող: Սևակի հերոսը դարի գիտական նվաճումների հակադրում է մարդուն մարդ դարձնող ու պահող հավերժական արժեքները՝ լույսը, արդարությունը, ազնվությունը, ճշմարտությունը: Իհարկե, այս ժողովածուում կարելի է գտնել և կան խորհրդային հասարակարգը ներկայացնող ու քննադատող գաղտնագրված տողեր ու պատկերներ։ Սակայն, ըստ իս, ժամանակակից մարդը գրքում ավելի կարևոր բաներ կարող է գտնել․ սերը մարդու նկատմամբ և նրան սեր ներշնչելու ձգտումը։ Սևակն ուզում է մարդուն բնական ու հոգևոր տարածքներ վերադարձնել, փրկել մտավոր ու ֆիզիկական մեքենայացումից։ Ուղղակի արթնացնել անտարբերության քնից.

Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ,

Շաղվի՛ր,

Մաղվի՛ր,

Թաղվիր այնպե՛ս և այնքան խո՛ր,

Որ մենք չապրենք` ինչպես ձուկը

Իր մշտամութ-անլուսամուտ պետության մեջ…

Եվ այս ամենը կարող է լինել միայն սիրո միջոցով։ Կարող է հարց առաջանալ․ մի՞թե սիրո, լույսի ու բարության մասին գիրքը կարող էր արգելվել։ Այսօր դժվար է ընկալել սակայն Սևակն ապրում էր մի երկրում, որի գոյության ամենավտանգավոր թշնամին մտածող, զգացող, սիրող, հիշողություն ունեցող բնական մարդն էր։ Եվ բանաստեղծի գրական այս կտակի գլխավոր խորհուրդը բոլոր ժամանակներում արդիական՝ մարդու մարդ մնալու գաղափար-հորդորն է:

Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան