Ցավալի դեպք Արմավիրի մարզում. բեռնատարը կողաշրջվել է Mercedes-ի վրա

Ցավալի դեպք Արմավիրի մարզում. բեռնատարը կողաշրջվել է Mercedes-ի վրա

Shamshyan.com-ը հայտնում է․ Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում վրացական համարանիշներով կցորդիչով Freightliner բեռնատարը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Առատաշեն գյուղի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողաշրջման հետևանքով կցորդիչը ընկել է  Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա և, ինչպես ժողովուրդն է ասում է, Mercedes-ը  վերածվել է «թղթե գարդոն»ի:

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Էջմիածնի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, քաղաքացիների օգնությամբ պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներին, որոնք տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Ավտոմեքենան դարձի բերելու համար դեպքի վայր պետք է բերվի վերամբարձ կռունկ: