Աղոթք հայ ազգի համար․ Թող Աստված պահպանի

Աղոթք հայ ազգի համար․ Թող Աստված պահպանի

Մեր ազգը դարերի պատմություն ունի։ Ամենքին հայտնի է այն, որ մեր դարավոր պատմության ընթացքում մենք՝ հայերս անցել ենք բազմաթիվ փորձություների միջով։

Շատերն են փորձել ազատվել մեզնից, ոչնչացնել մեզ, սակայն Աստծո հզոր Աջով է, որ հաղթել ենք ամենքին և պահպանել մեր գոյությունը, մեր ինքնությունը։

Այսօր եկեք աղոթենք մեր հայ ազգի համար։ Չէ՞ որ այսօր էլ պակաս փորձությունների չենք բախվում։ Խնդրենք, որ Տերը զորավիգ լինի մեզ, պահպանի իր ամենազոր Աջով և օգնի՝ հաղթահարել այս փորձությունները ևս։

Տե՛ր Աստված, խնդրում ենք, տուր Հայոց ազգիս Քո աստվածային խաղաղությունը, առաքի՛ր քո Սուրբ Հոգին, որպեսզի ողջ ժողովրդիս սրտի մեջ հեղի սիրո և միաբանության շնորհը։ Բազումողորմ Տեր, գթա՛ ցրված հոտիդ և մի՛ թող տանջվել անմիաբան հոգով։

Տե՛ր Աստված մեր, ամեն ժամ զորավիգ և օգնակա՛ն եղիր ազգիս՝ տանը և ճանապարհին, ծովում և ցամաքում, առնելիս և տալիս, վարելիս և վաստակելիս և հաջողիր բոլոր բարի գործերում։

Տե՛ր Աստված մեր, շնորհի՛ր նաև ազգիս առաջնորդներին բարեպաշտություն և միմյանց հանդեպ սեր, մղի՛ր նրանց աղքատ տնանկների հանդեպ գթության, խնամածության և ողջ հասարակության հանդեպ օժանդակության։

Նաև, ողորմած Աստված, հեռացրո՛ւ ցասումը և պատուհասը ողջ ազգից և գավառներից, ինչպես նաև բոլորի տներից և ողջ հայոց աշխարհից։

Փրկի՛ր չար պատահարներից և ձախորդություններից, հիվանդություններից, սովից, սրից, տարաժամ մահից, և այլ վշտաբեր պատահարներից, որոնք մեզ վրա են գալիս մեր մեղքերի պատճառով։

Ցո՛ւյց տուր բոլորին, որ Դու ես Տեր և Աստված և Քեզ հուսացողներին իսպառ չես թողնում, որի համար ամեն ինչում և ամենքից Քեզ փառք, պատիվ և երկրպագություն անբաժանելի և միասնական Սուրբ Երրորդությանդ, այժմ և հավիտյանս․ Ամեն։