Աղոթք Հիսուս Քրիստոսին և նա կլսի քո ձայնը

Աղոթք Հիսուս Քրիստոսին և նա կլսի քո ձայնը

Իմ հույս Հիսուս Քրիստոս, քեզ եմ հույս տածում, եւ աղաչում եմ, որովհետեւ շատ են իմ հանցանքները ծովի ավազներից, երկնքի աստղերից ավելի, անթիվ, քան ալիքները, որ շարժվում են ծովում: Ահա ցույց կտամ մեղքերս եւ անօրինությունս, որ թաքցրի քեզնից, մեղա, Տեր, մեղա, եւ անօրինությունս ինքս գիտեմ:

Մի հիշիր իմ մեղքերը, Տեր իմ, Տեր, եւ իմ ամբարշտությունը մի հաշվիր, Աստված իմ, Աստված:

Ըստ իմ անզգամության մի գանահարիր, Տեր իմ, Տեր, եւ մի հատուցիր՝ ըստ իմ գործերի, Աստված իմ, Աստված:

Մի մտիր դատաստան ինձ՝ ծառայիդ հետ, Տեր իմ, Տեր, եւ մի դատիր ինձ դառն դատաստանով, Աստված իմ, Աստված:

Կշռելու մի դիր մեղքիս ծանրությունը, Տեր իմ, Տեր, եւ մի փնտրիր թիվը անհամար հանցանքներիս, Աստված իմ, Աստված:

Հարցուփորձելով մի զարհուրեցրու ինձ, Տեր իմ, Տեր, եւ մանրամասն մի քննիր իմ գաղտնիքները, Աստված իմ, Աստված:

Ահեղ ատյանում մի հրապարակիր իմ գաղտնիքները, Տեր իմ, Տեր, եւ սաստելով մի սպառնա ինձ, Աստված իմ, Աստված:

Ինձ մի ասա. <<Ծառա չար եւ վատ>>, Տեր իմ, Տեր, եւ մի հրամայիր հրե կապանքներով կապել ձեռքերս ու ոտքերս, Աստված իմ, Աստված:

Ինձ մի գցիր բորբոք բոցի մեջ, Տեր իմ, Տեր, եւ ծանակվածիս մի ծածկիր բոցածավալ ծովում, Աստված իմ, Աստված:

Ինձ մի տար գետը հրեղեն, Տեր իմ, Տեր, եւ կայծակների վտակով մի սպառիր ինձ, Աստված իմ, Աստված:

Տառապյալիս մի տուր տարտարոսի ձեռքը, Տեր իմ, Տեր, եւ անվախճան որդերով մի պատուհասիր, Աստված իմ, Աստված:

Եղկելիիս չուղարկես արտաքին խավարը, Տեր իմ, Տեր, եւ չպարտադրես ողորմելիիս աչքերի լալն ու ատամների կրճտելը, Աստված իմ, Աստված:

Բազմամեղիս մի առանձնացրու երանելիների խմբից, Տեր իմ, Տեր, եւ տարակուսածիս մի զրկիր երանավետ փառքից, Աստված իմ, Աստված:

Այլ անհամեմատ մարդասիրությանդ եւ բազմախնամ ողորմությանդ համաձայն ողորմիր ինձ՝ քո մեղուցյալ ծառային, եւ փրկիր գեհենի ավելի դառն վշտերից, եւ արժանի դարձրու քո խոստացած բարիքի մեջ մտնելու բոլոր սրբերի հետ եւ նրանց հետ փառավորելու քեզ Հոր եւ Սուրբ Հոգուդ հետ. այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից, ամեն: