Թող մեր Հայաստան երկրի համար մի բան անեն, նոր աշխատողներին քննադատեն․ Սևադա Խոջաբաղյան

Թող մեր Հայաստան երկրի համար մի բան անեն, նոր աշխատողներին քննադատեն․ Սևադա Խոջաբաղյան

Օրերս տեղի ունեցած՝ «Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացավ մաթեմատիկայի մասնագետ, ուսուցիչ, դպրոցական ձեռնարկների հեղինակ, դպրոցի հիմնադիր Սևադա Խոջաբաղյանը:

Oragir.News-ը զրուցել է գորիսցի ուսուցչի հետ՝ քննարկելով ոլորտին առնչվող ամենատարբեր հարցեր։

Սևադա Խոջաբաղյանը իր պատմությունն սկսեց ծնողներից․ «Իմ ծնողները մինչև ամուսնանալը մասնակցել են Մեծ հայրենական պատերազմին․ երկուսն էլ 1920-ի ծնունդ են։ Եկել են, երկուսն էլ աշխատել են տարբեր տեղեր, ի վերջո՝ հանդիպել են ամուսնացել, և ծնվել ենք մենք՝ տան չորս երեխաներս։ Քանի որ ծնողներս մանկավարժներ էին, ուզում էին, որ իրենց սերնդից գոնե մեկը շարունակի իրենց գործը։

Ես էի միջներից ոչ համառը, որ կրթվեցի Երևանի մանկավարժական համալսարանի Գորիսի մասնաճյուղի Մաթեմատիկայի բաժնում․ լավ դասախոսներ կային ակադեմիայից եկած։ Ընթացքում անընդհատ սովորում էի․ դիմել էի ուզում նաև Ավիացիոն ինստիտուտ, որովհետև իմ երազանքն է եղել կոնստրուկտոր դառնալը, բայց զանազան պատճառներով դա չստացվեց և շատ էլ լավ եղավ, որ չստացվեց, որովհետև ավելի լավ լուծում կար։

Ի վերջո, դարձա մանկավարժ, դաստիարակչական գծով տեղակալ, կազմակերպեցի դպրոցի երգչախումբը, վոկալ-գործիքային համույթը, մրցույթների գնացինք, մրցանակների արժանացանք։ Հայրս անընդհատ ասում էր, որ ժամանակն է լրջանալու, որովհետև ես մաթեմատիկայի բնագավառում պիտի առաջ ընթանայի։ Հետո եղավ ղարաբաղյան շարժումը, ես դարձա «Ղարաբաղ» կոմիտեի անդամ»։

Ուսուցիչը պատմում է, որ կյանքի ինչ-որ փուլում հասկացել է,որ ի վիճակի է մաթեմատիկայի ոչ ստադարտ խնդիրներ գրել և լուծումներ առաջարկել։

«Երբ պարապում եմ, փորձում եմ բոլոր աշակերտներին ներգրավել՝ անկախ նրանից՝ ճի՞շտ են, թե՞ սխալ։ Եթե որևէ մեկը մի դրական բան էլ է ասում, գնահատվում է, ստանում է «ապրես»․ իմ դպրոցում ես լավագույնին «ապրես» եմ գնահատում՝ ստորագրելով ու ամիս-ամսաթիվ նշելով։ Այս մեթոդով փորձում եմ ակտիվացնել բոլոր աշակերտներին»,- ասաց Խոջաբաղյանը։

Պատմում է՝ եղել են պահեր, երբ ստիպված է եղել թողնել դպրոցը․ «Եթե ուսուցիչը չի կարդում, չի զարգանում, ուսուցիչ չէ․ ես էլ անընդհատ սովորում եմ։ 2010-2011 թվականներին ես լուրջ պատճառներով գնացի Երևան․ ինձնից պահանջեցին, որ ես դպրոցից հեռանամ։ Տնօրենը խնդրեց, աղաչեց, որ դուրս գամ, այլապես ինձ աշխատանքից հանելու են, եթե ինքնակամ դուրս չգամ։ Այն ժամանակ մարդիկ կային, որոնց «ցար» էին ասում, աքսորում էին՝ ասելով, որ եթե իրենց չես ենթարկվում, իրենց պետք չես ու հեռացնում էին։ Այս «ցարը» հիմա ինչ-որ մի տեղ է․ եթե մահանա, բերեն, թաղման, դիակն էլ են դատելու, մի 100 տարի տալու են։ Հիմա չարժե տալ այդ մարդու անուն-ազգանունը։

Երևանում չկարողացա հարմարվել և մոտեցա տնօրենին ու ասացի, որ գնում եմ Գորիս։ Ինքն էլ ասաց՝ բա քեզ որևէ մեկը ընդունելո՞ւ է․ իրենք գիտեին իմ պատմությունը, և ասաց, որ պայքարելու է։ Բայց նույնիսկ իմ ընկերները վախենում էին ինձ հետ կանգնել, որպեսզի ես կարողանամ որևէ դպրոցում աշխատել, որովհետև անմիջապես հայտնում էին։ Երբ գործող մարզպետի տղան մարդ սպանեց, մի տարով մարզպետը փոխվեց։ Նոր մարզպետն ասաց՝ որտեղ կուզես, այնտեղ աշխատիր։ Ես էլ ասացի, որ գորիսեցիներից նեղացած եմ, որովհետև երկու տարի տանը նստել եմ, և ոչ մի դպրոցի տնօրեն ինձ չի ընդունել․ վախեցել են»։

Հարցին, թե ինչպես է վերաբերվում կամավոր ատեստավորման գործընթացին, արդյոք այն գիտելիքների ստուգման լավագույն միջոցն է, ասաց․ «Ես կամավոր ատեստավորումը ընդունում եմ, բայց տարակարգն էլ եմ կարևորում։ Գորիսի համակարգչային կենտրոնում էլեկտրոնային բոլոր գրքերս կան․ աշակերտը, որ գալիս է իմ դպրոց ընդունելության, ես իրեն ուղարկում եմ այնտեղ, որ դասագիրքը տպեն, տան, իհարկե, գումարով։ Ես դրա հետ չեմ առնչվում, բայց կարևորը՝ երեխան ձեռքը գիրք ունենա»։

Սևադա Խոջաբաղյանը մեր հարցին ի պատասխան անդրադարձավ նաև Մաթեմատիկայի՝ Հանրակրթության նոր չափորոշչով կազմած դասագրքերին՝ բարձր գնահատելով դրանց հեղինակ Սմբատ Գոգյանին․ «Գոգյան Սմբատին ես շատ լավ գիտեմ, դա իր հեղինակած գիրքն է։

Ինքը Շիրակացի ճեմարանում բարձր դասարաններում այն աշակերտն է եղել, որ Հայաստանի օլիմպիական հավաքականում առաջին ոսկե մեդալ ինքն է բերել․ շատ խելացի տղա է։ Գրքի շուրջ իր մոտեցումը երկրորդական կողմն է։ Գրքի առումով՝ շատ չեմ խորացել, բայց լսել եմ Գոգյան Սմբատի խոսքը, ուղղակի ժամանակ չի եղել ուսումնասիրելու։ Ուղղակի ասեմ, որ ինչ էլ արել է՝ սխալ չի արել այդ տղան։ Ես համոզված եմ, որ Գոգյան Սմբատը շատ գրագետ և խելացի տղա է․ նա վատ դասագիրք չի կարող գրել»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում