Պատերազմից հետո եղբորս գտել են շնչահեղձ՝ ձեռքին մի նռնակ․ հրաշքով փրկվածի քույր

Պատերազմից հետո եղբորս գտել են շնչահեղձ՝ ձեռքին մի նռնակ․ հրաշքով փրկվածի քույր

Oragir.News-ը գրում է․ Ծնվել և 2 անգամ վերածնվել՝ ոչ բոլորին է բախտ վիճակվում, իսկ հադրութցի Ալեքսը 22 տարեկանում 3 անգամ հասցրել է վերածնվել։ «Երբ 2020 թվականի պատերազմին Հադրութից տեղահանվեցինք, եղբայրս՝ Ալեքսը, ժամկետային զինծառայող էր, ով հայտնվել էր շրջափակման մեջ։

Օրեր շարունակ նրանից տեղեկություն չունեինք։ Միայն պատերազմի ավարտից հետո՝ եղբայրս հրաշքով փրկվեց, կրկին շարունակեց ծառայությունը՝ որպես պայմանագրային զինծառայող։ Սեպտեմբերի 19-ին նա պոստերում էր։

Եղբորս հետ կապը կտրվել էր առաջին օրից։ Իսկ, երբ զինադադարը հաստատվեց, պարզվեց, որ եղբորս տեսել են վիրավոր, սակայն որտեղ է, ոչ ոք չէր կարողանում պատասխանել այդ հարցին»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Ալեքսի քույրը՝ Սվետլանա Մուրադյանը։ Տեղանքը, որտեղ Ալեքսն էր կռվում, ընթանում էին ամենաթեժ մարտերը։

Ծնողները զօրուգիշեր օպերատիվ շտաբում էին։ Որոնողական աշխատանքներ թույլ չէին տալիս այդ հատվածում։

Ողջ մնալու հույսերը զրոյական էին, սակայն՝ ոչ մոր համար, ում սիրտը վկայում էր, որ իր որդին ողջ է։ «Մայրս, ով մի գիշերվա մեջ ճերմակել էր, գիշերվա ժամը 4-ին կրկին զանգում է Ալեքսին։

Զանգերը, հրաշքով գնում են, նվաղ ձայնով պատասխանում է եղբայրս և անմիջապես անջատում, սկսում հաղորդագրություններ գրել ու հայտնել տեղանքի մասին։ Նա վիրավոր էր 2 ձեռքից և ոտքից։

Մայրս խնդրում է եղբորս՝ չլքել իրենց, շորերը պատռել և կապել վերքերը, մինչև լույսը կբացվի, իսկ երբ լույսը բացվում է, պարզվում է, որ որոնողական աշխատանքներ թուրքերը չեն թողնում իրականացնել։

Երբ սեպտեմբերի 22-ին կրկին փրկարարներին թույլ էին տվել որոնողական աշխատանքները վերսկսել, գտել են եղբորս՝ շնչահեղձ՝ ձեռքին մի նռնակ։

Նա 3-4 օր շարունակ ոչ հաց էր կերել, որ էլ ջուր խմել․․․մորաքրոջս ամուսինը ևս փրկարարների խմբում էր, ու երբ եղբորս ականջին շշնջում է մորս, հորս, իմ անունները, նա բացում է աչքերը»,- կրկին վերապրելով այդ օրերի մղձավանջը, պատմում է Սվետլանան։

ԸՆտանիքն այսօր բնակվում է վարձով՝ Փարաքյար խոշորացված համայնքում։ Ալեքսը դեռևս ապաքինման փուլում է։

Երկու անգամ բռնի տեղահանված Մուրադյանների ընտանիքի անդամներից ոչ ոք դեռևս չի աշխատում։ Ասում են՝ երջանիկ են ու շնորհակալ Աստծուց, կարևորը Ալեքսն է, ով իրենց հետ է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում